ԱՄՆ-ն ռազմանավ եւ կործանիչներ կուղարկի ԱՄԷ-ի պաշտպանության համար
Միացյալ Նահանգները ռազմանավ եւ կործանիչներ կուղարկեն Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության համար, հայտարարել են պաշտոնյաները Եմենի ապստամբների կողմից մի շարք հրթիռային հարվածներից հետո, որոնք երեք մարդու կյանք խլեցին ԱՄԷ-ում, հաղորդում է AFP-ն:
Նոր պայմանավորվածությունների շրջանակներում USS Cole կառավարվող հրթիռային կործանիչը կհամագործակցի ԱՄԷ-ի ռազմածովային նավատորմի հետ եւ կժամանի Աբու Դաբի նավահանգիստ, Միացյալ Նահանգները նաեւ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռ կտեղակայեն: Մյուս գործողությունները նաեւ «վաղ նախազգուշացման հետախուզության եւ հակաօդային պաշտպանության համագործակցության ապահովում» են ներառում, ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Օսթինը եւ թագաժառանգ արքայազնը «քննարկել են հուսիների վերջին հարձակումներն ԱՄԷ-ի վրա, որոնք քաղաքացիական զոհերի հանգեցրին, ինչպես նաեւ սպառնացին ԱՄՆ-ի եւ Էմիրատների զինվորականներին, որոնք տեղակայված են Ալ Դաֆրա ավիաբազայում»,- հավելել են դեսպանատանը:
Հունվարի 17-ին նավթային կայանների եւ Աբու Դաբիի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի եւ հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել էր երեք օտարերկրյա աշխատող:
Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Ալ Դաֆրա» ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուժերը Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր էին կիրառել՝ երկու բալիստիկ հրթիռ խոցելով քաղաքի վրա։ Իսկ երկուշաբթի երրորդ հրթիռային հարվածը կանխվեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ ԱՄԷ կատարած այցի ժամանակ։
ԱՄՆ-ն, որը Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի հավատարիմ դաշնակիցն է, կարծում է, որ տեղակայումը «հստակ ազդանշան կուղարկի, որ Միացյալ Նահանգները կանգնած են ԱՄԷ-ի կողքին՝ որպես երկարամյա ռազմավարական գործընկեր», ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: