Թրամփը Նյու Յորք նահանգի դատախազին մեղադրել է քաղաքական հետապնդումների մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա ընտանիքը երեքշաբթի Նյու Յորք նահանգի դատախազի քաղաքացիական հետաքննությունն «ընտրովի հետապնդում» է անվանել՝ պնդելով, որ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի կողմից իր կողմնակիցներին ուղարկված նամակն ապացուցում է հետաքննության փաստի քաղաքական դրդապատճառը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփի ընտանիքը համաձայն չէ նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի պահանջների հետ, ով փորձում է ստիպել Թրամփին եւ նրա երկու չափահաս երեխաներին՝ Դոնալդ Թրամփ կրտսերին եւ Իվանկա Թրամփին, ցուցմունքներ տալ այն մասին՝ արդյոք նրանք սխալ են ներկայացրել իրենց բիզնես ակտիվների արժեքը ֆինանսական շահի համար:
Ոչ Դոնալդ Թրամփի, ոչ էլ նրա երեխաների դեմ քրեական գործ չի հարուցվել։ Ջեյմսի կողմից Թրամփների նկատմամբ արդեն երեք տարի իրականացվող քաղաքացիական հետաքննությունը կապված չէ Մանհեթենի նոր շրջանային դատախազ Էլվին Բրեգի կողմից Trump Organization-ի դեմ քրեական հետաքննության հետ:
Թրամփի փաստաբանները հայտնել են, որ Ջեյմսը, որպես Դեմոկրատական կուսակցության անդամ, հետապնդում է նախկին նախագահին «նրա ելույթների եւ քաղաքական հայացքների հանդեպ իր անձնական հակակրանքի» պատճառով եւ փորձում է «խոչընդոտել նրա քաղաքական հավակնությունները»։ Թրամփը, ով նախագահի պաշտոնը լքել է անցյալ տարի, չի բացառում, որ 2024 թվականին կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Բացի այդ, նա մեղադրել է Թրամփին նրանում, որ հենց նա է կանգնած Կապիտոլիումի գրոհի հետեւում, որը տեղի ունեցավ 2021 թվականի հունվարի 6-ին։
Ինքը՝ Ջեյմսը, այս նոյեմբերին պատրաստվում է վերընտրվել Նյու Յորքի գլխավոր դատախազի պաշտոնում: Թրամփի փաստաբանները մեջբերել են նամակը, որը հունվարի 9-ին ուղարկվել էր Ջեյմսի կողմնակիցներին նրա նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գլխավոր դատախազը կանչեց Թրամփին եւ նրա երեխաներին։ Նամակում ասվում էր, որ Թրամփը «կարող է հաղթել» 2024 թվականին։
Թրամփի փաստաբանները նշել են, որ նամակի բովանդակությունն ընտրովի հետապնդման ուղիղ ապացույց է, Ջեյմսի ուղերձը «չափազանց արտասովոր, աննախադեպ եւ սարսափելի» անվանելով:
Իր հայտարարության մեջ Ջեյմսը փաստաբանների հայտարարությունները Թրամփի կողմից «պատասխանատվությունից խուսափելու» «անհիմն փորձ» է անվանել:
«Հետաքննության երեք տարվա ընթացքում նրանք երբեք կասկածի տակ չեն դրել մեր օրինական լիազորությունները, մինչեւ Դոնալդ Թրամփին չկանչեցին ցուցմունք տալու,- ասել է Ջեյմսը:- Ինչպես ցանկացած հետաքննության դեպքում, մենք կշարունակենք պարզել փաստերը, ուր էլ որ դրանք տանեն մեզ»:
Ջեյմսը պարզում է՝ արդյոք Թրամփները ուռճացրել են իրենց ունեցվածքի արժեքը բանկային վարկեր ստանալու համար եւ իջեցրել են դրանք՝ իրենց հարկային հաշիվները նվազեցնելու համար: Այդպես, ըստ նրա, Թրամփի տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ ասվում է, որ Նյու Յորքի Թրամփ Թաուերում նրան պատկանող բնակարանի մակերեսը 30.000 քառակուսի ֆուտ (2.787 քառակուսի մետր) է կազմում՝ չնայած իրականում բնակարանի մակերեսը մետրաժի հայտարարագրում կազմում է նշվածի միայն մեկ երրորդը։
Շաբաթ օրը Տեխասում տեղի ունեցած ցույցի ժամանակ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ցույց անցկացնել Նյու Յորքի եւ Ջորջիայի գլխավոր դատախազության շենքերի մոտ, որոնք հետաքննություն են իրականացնում նախկին նախագահին եւ նրա բիզնեսների նկատմամբ: