Աքար. Անկարայի և Բաքվի համագործակցությունը կնպաստի ադրբեջանական բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը
Ադրբեջանն ու Թուրքիան գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է Anadolu-ն։
«Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո խաղաղության ձեռք մեկնեցինք Հայաստանին։ Այս խաղաղ քայլի պատշաճ գնահատականի հույս ունենք։ Այսպիսով, մենք ձգտում ենք, որպեսզի խաղաղությունն ու բարգավաճում տիրի ոչ միայն Ադրբեջանում եւ Հայաստանում, կամ Հայաստանում ու Թուրքիայում, այլ նաեւ ողջ Կովկասում»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Նա նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ «Շուշիի հռչակագրի» կարեւորությունը։ «Շուշիի հռչակագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է մեր ուղին եւ ռազմավարությունը»,- ասել է Աքարը։ Նրա խոսքով՝ տվյալ փաստաթղթից ելնելով՝ Անկարան եւ Բաքուն քայլեր են ձեռնարկում պաշտպանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառյալ փոխգործակցությունը ռազմական պատրաստվածության, պաշտպանական արդյունաբերության եւ զինված ուժերի հագեցման ոլորտում։ «Մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել այս հարցերի շուրջ եւ շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար։ «Մեր զինված ուժերը զարգացնելու մեր ջանքերն ուղղված են մեր երկրներին ու ժողովուրդներին պաշտպանելուն»,- ասել է նա։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։ «Մենք սահմանել ենք մեր համատեղ գործունեության ուղղությունները։ Քննարկվել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի ծրագրված գործունեությունը»,- հավելել է նա։ Հասանովի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ բարեփոխումներ են անցկացվում ադրբեջանական բանակի կառուցվածքում՝ Թուրքիայի զինված ուժերի բանակային կառուցվածքի նմանությամբ։ «Այդ առումով Թուրքիայի զինված ուժերը մեծ աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանին։ Մենք երկար ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ»,- ասել է նա: Նախարարը վստահություն է հայտնել, որ Անկարայի եւ Բաքվի միջեւ ռազմական համագործակցությունը կնպաստի ադրբեջանական բանակի մարտունակության ամրապնդմանը»,- հայտնում է գործակալությունը։