ԱՀԿ-ն հայտարարել է ամբողջ աշխարհում բժշկական թափոնների ավելցուկի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ձեռնոցների, «լուսնային կոստյումների» չափից ավելի օգտագործումը եւ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պատվաստումների համար միլիարդավոր դիմակների եւ ներարկիչների օգտագործումը ամբողջ աշխարհում առաջացրել է բժշկական թափոնների հսկայական ավելցուկ, հաղորդում է AP-ն:
ԱՀԿ-ն հայտնել է, որ տասնյակ հազարավոր տոննա լրացուցիչ բժշկական թափոններ ծանրաբեռնում են թափոնների կառավարման համակարգերը եւ սպառնում ինչպես առողջությանը, այնպես էլ շրջակա միջավայրին՝ մատնանշելով այդ համակարգերի բարելավման «սուր անհրաժեշտությունը»:
«Բնակչությանը դիմելը մասամբ ավելի գիտակից սպառող դառնալն է», - ասել Է ԱՀԿ-ի ջրամատակարարման, սանիտարական, հիգիենայի եւ առողջապահության բաժնի տեխնիկական աշխատակից, դոկտոր Մարգարետ Մոնթգոմերին:
«Մենք հայտնաբերում ենք, որ մարդիկ կրում են անհատական պաշտպանության միջոցների չափազանց մեծ քանակություն», - ասել է Մոնթգոմերին:
ԱՀԿ-ի տվյալներով ՝ մոտավորապես 87 հազար տոննա այդպիսի թափոնների մեծ մասը, ներառյալ, այսպես կոչված, «լուսնային կոստյումները» եւ ձեռնոցները, բաժին են ընկնում 2020 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի նոյեմբեր ընկած ժամանակաշրջանին:
Պատվաստանյութի ավելի քան 8 մլրդ չափաբաժին, որը ներդրվել է ամբողջ աշխարհում, հանգեցրել է 143 տոննա լրացուցիչ թափոնների ձեւավորմանը՝ ներարկիչների, ասեղների եւ անվտանգ կոնտեյներների տեսքով:
«Բացարձակապես անհրաժեշտ է առողջապահության աշխատողներին ապահովել պաշտպանության ճիշտ միջոցներով։ Բայց նաեւ կարեւոր է համոզվել, որ այն կարող է օգտագործվել անվտանգ, առանց շրջակա միջավայրի վրա ազդելու», - հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ղեկավար դոկտոր Մայքլ Ռայանը: