Համավարակը նվազեցրել է գարեջրի վաճառքը Գերմանիայում
Անցյալ տարի Գերմանիայում գարեջրի վաճառքը նվազել է եւս 2,2%-ով, այն բանից հետո, երբ 2020թ․ կորոնավիրուսի համավարակի պատճառով վաճառքը նվազել էր 5,5 տոկոսով, հայտնում է Reuters-ը։
Լոքդաունները, որոնց պատճառով ռեստորաններն ու բարերը փակվել են վերջին երկու տարիների մի մասի ընթացքում, խորացրել են առողջական խնդիրներով եւ այլ գործոններով պայմանավորված նվազման երկարաժամկետ միտումը:
Դաշնային վիճակագրական վարչությունը հայտնել է, որ գարեջրի գերմանական գործարաններն ու դիստրիբյուտորները 2021թ․ մոտ 8,5 միլիարդ լիտր գարեջուր են վաճառել:
Տարեկան կտրվածքով հատկապես կտրուկ անկում՝ 27% եւ 19.1%, եղել է համապատասխանաբար հունվարին եւ փետրվարին, երբ ամբողջ երկրում կարանտինային միջոցառումներ են սահմանվել։ Գարնանը իշխանությունները սկսել են թուլացնել սահմանափակումները։
Վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ Գերմանիայի ներսում գարեջրի վաճառքը, որի մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի ավելի քան չորս հինգերորդը, 3,4%-ով ցածր է եղել, քան 2020թ․, եւ 8,6%-ով ցածր, քան 2019թ․:
Եվրոպական միության այլ երկրներ գարեջրի արտահանումը կրճատվել է 4%-ով, իսկ միությունից դուրս գտնվող երկրներ արտահանումն աճել է 12,7%-ով։