ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա պարտություն կլինի Պուտինի համար․ Ջոնսոնը՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո
ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա պարտություն կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքը չափազանցված չէ։
«Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա քաղաքական և հումանիտար աղետ կլիներ։ Դա ռազմական աղետ կլիներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ աշխարհի համար։ Պոտենցիալ ներխուժումը Պուտինի պարտություն կլիներ, որն ասում է, որ հոգ է տանում ուկրաինացի ժողովրդի շահերի մասին»,- ասել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը։
Ընդ որում, Ջոնսոնը խոստացել է պատժամիջոցներ կիրառել ագրեսորի նկատմամբ հարևան պետություն ներխուժելու դեպքում: Ընդ որում, պատժամիջոցները կկիրառվեն գրեթե ակնթարթորեն՝ «հենց այն պահին, երբ ռուս զինվորի ոտքը հատի սահմանը»։
Ընդ որում Զելենսկին ընդգծել է, որ ցանկացած պատժամիջոց գործուն է մինչև ներխուժումը, այլ ոչ թե դրանից հետո:
«Մենք քննարկել ենք ՌԴ-ին զսպելու քայլերի համալիրը։ Այստեղ իմ կարծիքը հայտնի է: Ցանկացած գործողություն արդյունավետ է «առաջ», այլ ոչ թե «հետո»․ կանխարգելումն ավելի լավ է,քան վերակենդանացումը։ Դա ապացուցում է նաև վերջերս բրիտանական որոշումը», – հայտարարել է Զելենսկին։
Նա նաև ասել է, որ Բրիտանիան Ուկրաինային հազարավոր ժամանակակից հակատանկային հրթիռներ է մատակարարել:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինան լրացուցիչ 88 մլն ֆունտ (գրեթե 119 մլն դոլար) կստանա՝ երկիրը ռուսական ազդեցությունից պաշտպանելու համար:
Բացի այդ, Ջոնսոնը հավելել է, որ հույս ունի փետրվարի 2-ին հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինային «գնալ դիվանագիտության ճանապարհով»։
Վլադիմիր Զելենսկին նաև համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան «նորմանդական ձևաչափին» զուգահեռ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ բանակցությունների երեք և երկկողմ ձևաչափերի շուրջ:
Ինչ վերաբերում է Մինսկի համաձայնություններին, Զելենսկին չի հիշում, թե ով է դրանք ստորագրել, բայց գիտի, թե ով պետք է դրանք կատարի և զգում է իր պատասխանատվությունը։
Նա ընդգծել է, որ դժգոհ է Մինսկի համաձայնությունների բոլոր կետերից, բայց խոստովանել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել «տարածքների դեօկուպացիայի» համար: Նա նաև «նորմանդական ձևաչափը» համարում է Դոնբասի միակ աշխատանքային հարթակը։