Ալիևի օգնականը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը Կասպյան քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՄՆ-Կասպյան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարին հայտարարել է, որ Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխշահավետ հարաբերությունների վրա։
Իլհամ Ալիևի օգնականը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան.«Այս պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։ Տարածաշրջանը ռեբրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի: Ադրբեջանը պատրաստ է իր դերը կատարել Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում: Այս համատեքստում մենք ԱՄՆ-ին տեսնում ենք որպես կարևոր գործընկեր»։
Ալիևի օգնականն անդրադարձել է նաև նոր տրանսպորտային միջանցքներին, որոնք կբացվեն տարածաշրջանում, մասնավորապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am):
«Զանգեզուրի միջանցքից կարող են օգտվել նաև Կենտրոնական Ասիայի մեր գործընկերները։ Բայց Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք մենք ստեղծել ենք տարածաշրջանում հարևան Վրաստանի հետ»,-ասել է նա։