Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհաստատի Շուշիի հռչակագիրը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհաստատի Շուշիի հռչակագիրը: Խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկվել է «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի հաստատման մասին օրենքի նախագիծը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի խորհրդարանը կհաստատի Շուշիի հռչակագիրը:
Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:
Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։
«Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։
Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։