Բրազիլիայի կրթության նախարարը մեղադրվում է հոմոֆոբիայի մեջ
Բրազիլիայի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել գերագույն դատարան կրթության նախարար Միլթոն Ռիբեյրուի դեմ՝ հոմոֆոբիայի մեղադրանքով, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով G1 պորտալին։
Դատախազությունը պահանջում է քրեական գործ հարուցել նախարարի դեմ. հոմոֆոբիան Բրազիլիայում հանցագործություն է համարվում 2019 թվականից։
«Հաստատելով, որ դեռահաս համասեռամոլները անբարեկեցիկ ընտանիքներից են, մեղադրյալը խտրականություն է դնում երիտասարդների միջեւ նրանց սեռական կողմնորոշման առումով եւ կանխակալ կերպով անվանարկում է այն ընտանիքները, որոնցում նրանք դաստիարակվել են՝ հայտարարելով, որ այդ երիտասարդները ադապտացված չեն, այսինքն՝ արդարությունից, իրավական դաշտից դուրս են»,- ասել է հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ումբերտո Ժակ դե Մեդեյրուշը։
2020թ. սեպտեմբերին Ռիբեյրուն հայտարարել էր, որ «համասեռամոլությունը» կապված է անբարեկեցիկ ընտանիքների հետ, որտեղ երեխաներն ուշադրության պակաս ունեն, եւ որոշ դեռահասներ իբր ընտրում են սեռական կողմնորոշումն ընտանեկան հանգամանքներից ելնելով։ Նախարարի կարծիքով՝ գենդերի մասին բանավեճերը չպետք է տեղի ունենան դպրոցում։
Հանուն կրթության ազգային քարոզչության համակարգող Անդրեսա Պելանդան ասել է, որ «երբ պետության ներկայացուցիչն է նման բան ասում, դա հանցագործություն է, կառավարությունը չի կարող նման խտրական հայտարարության միջնորդ լինել»։