Հուսիները հայտարարել են ԱՄԷ-ի տարածքի ուղղությամբ հրթիռներով և անօդաչուներով հերթական հարձակման մասին
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) կրկին բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի վրա։ Այս մասին, ինչպես հայտնում է Almasirah հեռուստաալիքը, երկուշաբթի օրը հայտարարել է ապստամբների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Յահյա Սարիան։
«Մեր զինված ուժերը «Եմենի փոթորիկ 3» գործողության շրջանակում «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռներով եւ «Սամադ-3» անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Աբու Դաբիի կարեւոր թիրախների վրա»,- ասել է նա: Սարիան եւս մեկ անգամ նախազգուշացրել է էմիրատցիներին, օտարերկրացիներին եւ երկրում ապրող ընկերություններին «հեռու մնալ կենսական նշանակության օբյեկտներից»՝ սպառնալով նրանց վրա ավելի շատ հարձակումներ գործել առաջիկայում։
Նրա խոսքով՝ Էմիրությունները «ապահով չեն լինի», քանի դեռ շարունակվում է նրանց ագրեսիան եմենցիների ու նրանց հայրենիքի դեմ։ «Մենք ձեռքերը ծալած չենք նստի, քանի որ մեր հզոր ժողովուրդը տառապում է խեղդող շրջափակման աղետից, եւ նրա դեմ ավելի ու ավելի շատ հանցագործություններ են կատարվում»,- ասել է հուսիների ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սա ԱՄԷ-ի վրա երրորդ հարձակումն է այս ամսվա կեսերից ի վեր։ Երկուշաբթի գիշերը երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հուսիների բալիստիկ հրթիռը որսալու եւ ոչնչացնելու մասին։ Հատկանշական է, որ «Անսար Ալլահն» այս թռիչքն իրականացրել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Էմիրություններ կատարած առաջին այցի ժամանակ, որն ավարտվում է երկուշաբթի օրը։
Հունվարի 17-ին հուսիները անօդաչու թռչող սարքեր եւ բալիստիկ հրթիռներ են արձակել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության ենթակառուցվածքի, ինչպես նաեւ ԱՄԷ մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող շինհրապարակի վրա, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Հունվարի 24-ի գիշերը ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի մայրաքաղաքում ապստամբների կողմից արձակված երկու բալիստիկ հրթիռների որսման եւ ոչնչացման մասին։