Ահավոր վատ եղանակը Եվրոպայում զոհերի պատճառ է դարձել
Կոպենհագենի կորոնավիրուսի թեստավորման կենտրոնը փլուզվել է տարերքի հարվածի հետեւանքով։ Հանգստյան օրերին «Մալիկ» փոթորկի հետեւանքով Եվրոպայի հյուսիսում ուժեղ քամի է եւ առատ տեղումներ անձրեւի եւ ձյան տեսքով։ Մի քանի մարդ զոհվել է ծառերի եւ ծանր առարկաների ընկնելու հետեւանքով։ Վատ եղանակը կաթվածահար է արել տրանսպորտային հաղորդակցությունը երկրի մի շարք շրջաններում, տեղեկացնում է Euronews-ը։
Էստոնիայում մասնագետները կիրակի օրը վերացնում էին էլեկտրալարերի մի քանի հազար վթարների հետեւանքները, փրկարարներն ավելի քան հարյուր անգամ օգնության են գնացել ձյան մեջ մնացած ավտոմեքենաներին։
Լեհաստանում տարերքի հետեւանքով առանց էլեկտրամատակարարման է մնացել ավելի քան 600 հազար մարդ։ Այստեղ փրկարարները ստիպված են եղել մոտ 15 հազար անգամ օգնության հասնել փորձանքի մեջ հայտնված մարդկանց։ Ամենից շատ տուժել են Բալթիկ ծովի առափնյա շրջանները։
Փոթորկի ուժը Չեխիայի հյուսիսի լեռնային շրջաններում հասել է ժամում 188 կիլոմետրի։ Ուժեղ քամուց կործանված ծառերը փակել են գնացքների ճանապարհը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ էլեկտրաէներգիա չունեն։
Իսկ Եվրոպայի հյուսիսում սպասվում է «Կորի» մրրիկը, որը կարող է ավելի մեծ ավերածություններ բերել, դրա հետ կապված՝ մի քանի պետությունների կառավարությունները արտահերթ խորհրդակցություններ են անցկացրել եւ ուժեղացրել անվտանգության միջոցները։