Գերմանիայի հարավ-արեւմուտքում սպանվել է երկու ոստիկան
Ոստիկանության երկու աշխատակից մահացու վիրավորվել է հրաձգության հետեւանքով, չարագործը կրակ է բացել Գերմանիայի հարավարեւմտյան Կուզել շրջանում (Ռեյնլանդ-Փֆալց դաշնային երկրամաս)։ Պատահարի հանգամանքները պարզվում են։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Կայզերսլաուտերն քաղաքի ոստիկանությունը Թվիթերի իր էջում։
«Մայվայլերհոֆի եւ Ուլմետի միջեւ (Կուզելի շրջան) ճանապարհային երթեւեկության պարեկման ժամանակ այսօր առավոտյան գնդակահարվել է երկու ոստիկան՝ տղամարդ եւ կին»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանցագործների մասին ոչինչ հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Ինչպես նշում է DPA գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 4.20-ին։ Ներկայում հանցագործները որոնվում են։ Գործակալության տեղեկատվությամբ՝ նրանցից մեկը զինված է։ Տրանսպորտի երթեւեկությունը պատահարի վայրին մոտ դադարեցված է։