Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության հարցերով խորհրդի անդամ
Լոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդվում է Ամերիկայի Հայկական Վեհաժողովի կայք-ում:
Ընդգծվում է նաեւ, որ խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը:
Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիգյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային կից: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է Պետական դեպարտամենտի բարձրագույն պատվավոր պարգեւի:
«Վեհաժողովը շնորհավում է Խաչիգյանին այդ հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի փորձն ու գիտելիքները՝ մենք չենք կասկածում, որ նա ծառայությանն արժանի կլինի»,-հայտարարել է Վեհաժողովի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը:
Դեսպան Խաչիգյանը նաեւ եղել է Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի գիտաշխատող ու ավագ փոխնախագահ, ինչպես նաեւ ասիական քաղաքականության գծով համաղեկավար նախագահ Օբամայի նախընտրական արշավի ժամանակ 2012 թվականին: Դեսպան Խաչիգյանը նաեւ եղել է RAND ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի տնօրենն ու աշխատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում 1998-1999 թվականներին: Նա բազմաթիվ գրքերի, զեկույցների ու հոդվածների հեղինակ է:
Խաչիգյանը Ամերիկայում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող եւ նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ եւ այլն: