«Դուբայ Էքսպո 2020»-ին Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունները
Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարևորել եմ աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։ Այդ մասին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանն ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ընդգծել եմ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։
Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,-մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք՝ հունվարի 30-ին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում նշվում է Հայաստանի ազգային օրը: