Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում նա հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում։
«2015 թվականի միջուկային համաձայնագրի առնչությամբ Հանրապետության Նախագահը պնդել է արագ և շոշափելի առաջընթացի հասնելու համար բանակցությունների արագացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Իրանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի և վերադառնա իր պարտավորությունների լիակատար կատարման»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դիվանագիտական լուծումը հնարավոր է և պարտադիր»։ Ֆրանսիայի ղեկավարը վստահեցրել է, որ Ֆրանսիան աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի բանակցային գործընթացի բոլոր կողմերն արտահայտեն հստակ և համապարփակ պարտավորություններ այս բանակցությունների շրջանակներում։
Նախագահներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լիբանանում և Պարսից ծոցում տիրող իրավիճակին։ Մակրոնն իրանցի գործընկերոջ հետ զրույցում դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրություններում Եմենի հութի ապստամբների կողմից իրականացված վերջին հարձակումները։ Երկու ղեկավարներն էլ համաձայնել են Եմենում հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության շուրջ։