Զանգվածային բողոքի ցույցեր Կանադայում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են իրենց նստավայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է CBC-ն։
Թե կոնկրետ ուր է գնացել Թրյուդոն, չի հաղորդվում: Նրա նստավայրը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու:
Հունվարի 29-ին Կանադայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ COVID-19-ի սահմանափակումների դեմ։ CBC-ի տվյալներով՝ մոտ 1000 բեռնատարներ և այլ ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի բլրի վրա: Բողոքի ակցիան խաղաղ է անցել, ըստ Օտտավայի ոստիկանական ծառայության ներկայացուցչի, ցուցարարներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, հայտնում է РБК-ն։
Ակցիան կշարունակվի նաև կիրակի օրը։ Իշխանությունների գնահատմամբ՝ դրան կմասնակցի մինչև 10 հազար մարդ։ Միաժամանակ որոշ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, կամ Թրյուդոն չի լքել իր պաշտոնը։