Պուտին-Զելենսկի հանդիպում առայժմ չի նախատեսվում. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ այլ երկրների ղեկավարների հետ, ովքեր փետրվարի 4-ին Պեկինում ներկա կլինեն ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված են մի շարք խիստ սահմանափակումներ կիրառել ինչպես մարզիկների, այնպես էլ հյուրերի, այդ թվում՝ պաշտոնյաների համար: Ուստի հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում»,- նշել է Պեսկովը:
Այն հարցին, թե արդյոք չի նախատեսվում շփում Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև, Պեսկովը պատասխանել է. «Ներկայումս նման հանդիպում նախատեսված չէ, թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող»:
ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ Պուտինը պատրաստվում է բանակցություններ վարել միայն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
Վլադիմիր Պուտինը ՉԺՀ կմեկնի փետրվարի 4-ին: