Արցախի նախագահը ՊՆ-ում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը նախ շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության, ինչպես նաև զինվորականների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
«Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել: Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- ասել է նախագահը:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին է հանձնել նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները, որի վերաբերյալ հրամանագիրը ստորագրել էր ավելի վաղ։