20-ամյա Ռաֆայելը վերջին հայաստանցի ժամկետայիններից է, որ ծառայել է Արցախում
20-ամյա Ռաֆայել Նիկողոսյանը Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի զինծառայող էր, երբ կռիվը սկսվեց։
NEWS.am–ի հետ զրույցում Ռաֆայելը պատմել է, որ մարտական հատուկ առաջադրանքներով պատերազմի 44 օրերի ընթացքում թեժ մի կետից մյուսն է գնացել՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, եւ վերջում՝ Շուշի։
Հետախույզ դառնալու նպատակով պատերազմից ընդամենը 9 օր առաջ էր Ռաֆայելը համալրել Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը։ Պատերազմից հետո գումարտակը ցրվել է, Ռաֆայելը շարունակել է ծառայել՝ հրաձգային գումարտակում պահելով Արցախի նոր առաջնագիծը։ Նրա հետ ծառայությունը շարունակել է գումարտակի ժամկետայինների մոտ 1/3-ը՝ նրանք, ովքեր պատերազմում չէին զոհվել կամ վիրավորվել։ Դրանից հետո զորքը նոր՝ Հայաստանից գնացած զինծառայողներով չի համալրվել։
Արցախը պահող վերջին հայաստանցի ժամկետայինները կզորացրվեն այս ամառ։ Ռաֆայելը մոտ մեկ շաբաթ առաջ է ծառայությունից վերադարձել։
Ռաֆայելի վերադարձի երկու տարի սպասած՝ ընտանիքի անդամները նրա լուսանկարներով են զարդարել հյուրասենյակի պատը։ Դրանցում նաեւ Ռաֆայելի զոհված ընկերներն են։
Մարտերին Ռաֆայելի մասնակցության մասին մայրը պատերազմի վերջին օրն է իմացել, երբ պատահաբար համացանցում տարածված տեսանյութում ճանաչել է որդու ժպիտը։
Մանրամասները` տեսանյութում: