Տաջիկստանի եւ Ղրղզստանի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են սահմանային հակամարտությունը
Տաջիկստանի եւ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների (ԱԱՊԿ) նախագահներ Սայմումին Յաթիմովը եւ Կամչիբեկ Տաշիեւը հունվարի 27-ին բանակցություններ են վարել երկու երկրների սահմանային գոտում զինված հակամարտության առնչությամբ։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Տաջիկական Asia-Plus լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով՝ Տաջիկստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարների միջեւ բանակցությունները սահմանին հակամարտության շուրջ ավարտվել են։ Յաթիմովի եւ Տաշիեւի հանդիպումը տեւել է գրեթե երկու ժամ, արդյունքում որեւէ արձանագրություն չի ստորագրվել, հայտնում է գործակալությունը։
Հինգշաբթի տաջիկ-ղրղզական սահմանի հատվածում երկու երկրների ներկայացուցիչների միջեւ կոնֆլիկտ էր տեղի ունեցել։ Ուրբաթ գիշեր կողմերի ներկայացուցիչներին հաջողվել էր պայմանավորվել հրադադարի շուրջ։