Պերուի անտառներում աճում է սնդիկային աղտոտվածության մակարդակը
Բնապահպանները Պերուի անտառների հողում եւ ստորերկրյա ջրերում թունավոր սնդիկի միացությունների կոնցենտրացիայի կտրուկ աճ են արձանագրել։ Դա պայմանավորված է Անդերում ոսկու անօրինական արդյունահանման տարածմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Nature Communications-ը:
«Ամազոնի անտառները հսկայական քանակությամբ թունավոր սնդիկի միացություններ են կլանում, որոնք մթնոլորտ են արտանետվում անօրինական ոսկու հանքերի պատճառով: Բուսականության հետ միասին այդ սնդիկը հայտնվում է նաեւ տեղի թռչունների եւ այլ կենդանիների օրգանիզմում, եւ դրա կոնցենտրացիան տասնյակ անգամ գերազանցում է նորմը կենդանի օրգանիզմների համար»,- պատմել է հետազոտությանը մասնակցած Ժակլին Գերսոնը՝ Դյուկի համալսարանից (ԱՄՆ):
Ամազոնյան անտառների տարածքը վերջին տարիներին անտառահատումների արդյունքում շարունակում է սրընթաց նվազել: Այդ հատումների մեծ մասը բաժին է ընկնում ոչ թե արդյունաբերական ձեռնարկություններին, այլ անհատական տնտեսություններին եւ ապօրինի հանքերին, որոնց կառուցման համար դրանց սեփականատերերը մեծ տարածքներ են մաքրում։
Գերսոնը եւ նրա գործընկերները հետաքրքրվել են, թե ինչպես է անօրինական հանքերի կառուցումն ազդում Ամազոնի պերուական հատվածի շրջակա միջավայրի վրա, որտեղ վերջին տարիներին բազմաթիվ անօրինական ոսկու հանքեր են հայտնվել։ Դրա համար գիտնականները մեկնել են հարավային Անդերի նախալեռներ՝ Պերուի, Բոլիվիայի եւ Բրազիլիայի սահմանի մոտ:
Գիտնականները չափել են սնդիկի մակարդակը տերեւների, ջրի, հողի, թռչունների փետուրների եւ կենդանիների հյուսվածքների նմուշներում, որոնք հայտնաբերվել են այդ հանքավայրերի մոտակայքում: Բնապահպանների հետաքրքրությունը սնդիկի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ ապօրինի հանքափորներն այն օգտագործում են գետերի նստվածքներից եւ ոսկի պարունակող ապարներից ոսկու արդյունահանման համար։
Հանքաքարի թրծման ժամանակ սնդիկի մի զգալի մասը ծխի հետ արտանետվում է մթնոլորտ։ Դա ոսկու արդյունահանման այս մեթոդը հանքաքարից կամ գետի ավազից թանկարժեք մետաղի արդյունահանման ամենակեղտոտ եղանակներից մեկն է դարձնում: Ինչպես պարզել են Գերսոնը եւ նրա գործընկերները, այդ արտանետումների զգալի մասը չի մտնում մթնոլորտ, այլ կլանվում է ծառերի տերեւների կողմից:
Մասնավորապես, չափումները ցույց են տվել, որ ամազոնյան անտառների որոշ հատվածներում սնդիկի կոնցենտրացիան ծառերի տերեւների մակերեսին եւ դրանց հյուսվածքների ներսում տասն անգամ գերազանցել է նորմը: Նաեւ այս մետաղի միացությունների մասնաբաժինը տեղի թռչունների փետուրներում եւ կենդանիների մարմնի հյուսվածքներում 3-ից 12 անգամ ավելի մեծ էր, քան հանքերից մեծ հեռավորության վրա ապրող այլ կենդանիների մոտ:
Սնդիկային աղտոտումը, ինչպես ենթադրում են գիտնականները, արդեն բացասաբար է ազդել տեղի թռչունների կենսագործունեության վրա։ Մասնավորապես, վերջին տարիներին մոտ 30 տոկոսով նվազել է նրանց ձագերի սովորական թիվը։ Դա ցույց է տալիս հնարավորինս արագ միջոցների մշակման անհրաժեշտությունը, որոնք կօգնեն տեղի բնակիչներին համոզել այս մեթոդով ոսկի չարդյունահանել, եզրակացրել են հետազոտողները: