Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը
Ռուսաստանի հայերի միությունը չեղարկել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը, որը նախատեսված էր հունվարի 28-ի երեկոյան՝ ի պատիվ Հայոց բանակի 30-ամյակի։ Գալա-երեկոյի սկսվելուց առաջ իրավապահները կարդացել են դատախազության նախազգուշացումն` այս կինոնկարի ցուցադրության «ապօրինի» լինելու մասին։ Այս մասին, Info24.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Известия-ն։
Նախազգուշացումը լսելուց հետո երեկոյի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղարկում են ֆիլմի ցուցադրությունը և հեռացրել են մասնակիցներին։ Նշենք, որ «Ռուսաստանի վետերաններ» համառուսաստանյան հասարակական շարժման ղեկավար Իլդար Ռեզյապովը ֆիլմի ցուցադրության փաստի վերաբերյալ տեսչական ստուգում անցկացնելու հարցումներ է ուղարկել ՔԿ-ին և Գլխավոր դատախազությանը: Նրա խոսքով` Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների գործողություններում կարելի է տեսնել «նացիզմի և նրա կամակատարների վերականգնման փորձ» ։
Երեկոյի հայտարարության մեջ Գարեգին Նժդեհին անվանել են «Հայ ականավոր քաղաքական և ռազմական գործիչ, ով 20-րդ դարի սկզբին պայքարել է Հայաստանի կերտման և տարածքային ամբողջականության պահպանման համար»։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ` ֆիլմի ցուցադրությունն, այնուամենայնիվ, կայացել է: