Անգլիայում օմիկրոնով վարակվածների ավելի քան 60 տոկոսն արդեն վարակված եղել է COVID-19-ով
Օմիկրոն շտամը գրեթե լիովին դուրս է մղել դելտա շտամին եւ դարձել գերակշռող շտամն Անգլիայում։ Այս մասին վկայում են Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետների հրապարակած տվյալները։
Ինչպես նշում է Medportal.ru-ն, հիվանդացության մասին հունվարի 5-20-ի տվյալները ստացվել են շարունակվող REACT-1 ազգային հետազոտության ընթացքում, որտեղ գնահատվում են հիվանդացության մակարդակը Անգլիայի բնակչության շրջանում եւ դրա վրա ազդող գործոնները։ Այդ ընթացքում մասնագետները կատարել են ավելի քան 100 500 ՊՇՌ թեստավորում, եւ կորոնավիրուս հայտնաբերվել է պացիենտների 4,41 տոկոսի մոտ։ Սա հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից, իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ վարակվածների թիվն ավելացել է երեք անգամ։
Վիրուսի նմուշների ընտրովի գենոմային սեքվենավորումը ցույց է տվել, որ պացիենտների 99 տոկոսը վարակվել է օմիկրոնով, եւ միայն 1 տոկոսը՝ դելտա տեսակով։ Սա վկայում է այն մասին, որ նոր շտամը գերակշռող է դարձել Անգլիայի տարածքում։
Հետաքրքիր է, որ օմիկրոնով վարակվածների 64,6 տոկոսը արդեն վարակված եղել է COVID-19-ով։
Ընդ որում՝ վարակվածների թիվն աստիճանաբար նվազում է, չնայած կայուն բարձր է, հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում, ինչը հիմնականում կապված է դպրոցական արձակուրդների ավարտվելու հետ։ Դա հանգեցնում է վարակման աճի տարեց բնակչության շրջանում, քանի որ երեխաները վարակում են իրենց տատիկներին եւ պապիկներին։
Նշենք, որ չնայած այս ամենին, Մեծ Բրիտանիայում աստիճանաբար հանում են բոլոր սահմանափակումները՝ կապված համավարակի հետ, եւ վերադառնում են նորմալ կյանքի՝ հասկանալով, որ պետք է սովորել գոյակցել վիրուսի հետ։