Ամերիկացի սենատորներն օրինագիծ են մշակում, որը կտրուկ կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Ամերիկացի սենատորներից կազմված երկկուսակցական խումբը օրինագիծ է մշակում, որը կտրուկ կավելացնի ԱՄՆ ռազմական օգնությունն Ուկրաինային:
Հինգ դեմոկրատներից եւ հինգ հանրապետական սենատորներից բաղկացած խումբը առաջընթաց է գրանցել օրինագծի շուրջ բանակցություններում, Reuters-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:
Նրանց նպատակն է գրել օրինագիծ, որը կընդունվի Սենատի կողմից հաջորդ շաբաթ: Օրենք դառնալու համար այն պետք է անցնի նաեւ Ներկայացուցիչների պալատով եւ ստորագրվի նախագահ Ջո Բայդենի կողմից:
Երկու կուսակցությունների օրենսդիրներն ասել են, որ ցանկանում են արագ գործել Ուկրաինային աջակցելու համար:
Դեռեւս անհամաձայնություն կա երկկուսակցական սենատորների միջեւ, հատկապես այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է պատժամիջոցներ սահմանվեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ։
Նրանք նաեւ ծրագիր են մշակում, թե ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ռուսաստանի դեմ եւ ինչ՝ ներխուժման դեպքում։