Իտալիայի նախկին թագավորական ընտանիքը պահանջում է վերադարձնել իրենց թագի թանկարժեք զարդերը
Իտալիայի նախկին թագավորական ընտանիքը պահանջում է վերադարձնել իրենց թագի թանկարժեք զարդերը, որոնք կորցրել է այն բանից հետո, երբ երկիրը վերացրել է միապետությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակվանից հավաքածուն պահվում է Իտալիայի Բանկի պահոցում։
Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո II-ի ժառանգները թագի զարդերը իրենց տնօրինությանը վերադարձնելու առաջին պաշտոնական խնդրանքն են ներկայացրել։ «Սավոյի տան» հավաքածուն, որի արժեքը 300 միլիոն դոլար է, ներառում է 6000 ադամանդներ եւ 2000 մարգարիտներ, որոնք զարդարել են թագը, ինչպես նաեւ՝ ականջօղեր, կրծքազարդեր եւ վզնոցներ: Ոչ պաշտոնական հայտն արդեն մերժվել է Իտալիայի Բանկի կողմից։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, միջնորդական հանդիպում է կայացել Իտալիայի Բանկի ներկայացուցիչների եւ Սավոյի փաստաբանների, այդ թվում՝ Ումբերտո II-ի որդու՝ արքայազն Վիտորիո Էմանուելի միջեւ։ Հանդիպումն անարդյունք է անցել։
«Իտալիան պետք է անի այն, ինչը ճիշտ ու տեղին է, եւ վերադարձնի թանկարժեք քարերն իմ ընտանիքին»,- The Telegraph-ին ասել է արքայազն Էմանուելե Ֆիլիբերտոն՝ Ումբերտո II-ի թոռը:
Իտալացիները 1946 թվականի հունիսին քվեարկել են միապետությունը վերացնելու եւ հանրապետություն ստեղծելու օգտին, քանի որ թագավորական ընտանիքը համագործակցում էր ֆաշիստական դիկտատոր Բենիտո Մուսոլինիի հետ, իսկ հետո փախավ Հռոմ 1943 թվականին։ Թագավոր Ումբերտո II-ը հետագայում փախավ Պորտուգալիա, եւ թագավորական ընտանիքի արական սեռի ժառանգները վտարվեցին Իտալիայից մինչեւ 2002 թվականը, երբ խորհրդարանը քվեարկեց վտարումը դադարեցնելու օգտին եւ թույլ տվեց նրանց վերադառնալ որպես սովորական քաղաքացիներ: Ումբերտո II-ը 1983թ. է մահացել։