Տաջիկստանի 11 քաղաքացի վիրավորվել է, մեկը` մահացել Ղրղզստանի հետ սահմանին բախումների ժամանակ
Տաջիկստանի 11 քաղաքացի վիրավորվել է, մեկը` մահացել Ղրղզստանի հետ սահմանին բախումների ժամանակ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ASIA-Plus տաջիկական մեդիա խումբը, գրում է ՏԱՍՍ-ը:
Սոմոնիյոն գյուղի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ ղրղզական կողմից արձակված արկը ընկել է նրա տուն։ Վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ և ութ զինվորական, բոլորը հոսպիտալացվել են։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, լարվածության հետ կապված՝ Տաջիկստանի սահմանապահները բերվել են ուժեղացված հերթապահության ռեժիմ։ Երկու կողմերի տեղական իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները կոնֆլիկտային իրավիճակին վերջ տալու համար։ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները պարզաբանում են սահմանին կոնֆլիկտի մանրամասները։
Ինչպես Բիշքեկի ժամանակով 19:35-ին հայտնել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն, իրավիճակը սրվել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների վրա տաջիկական կողմից զենքի կիրառման և կրակի պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև հիմնական փոխհրաձգությունները նշվել են Տորտ-Կոչոյի և Չիր-Դոբոյի շրջաններում։ Տաջիկական կողմը օգտագործում է ականանետեր և նռնականետեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Տաջիկստանին և Ղրղզստանին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: