Կադրային դեֆիցիտը սպառնում է կադրային սովի վերածվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլև իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում-տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում-տանում է պաշտպանության նախարարություն, և եթե տարիքը համապատասխաներ, գուցե ՀՀ նախագահ առաջադրեր։
Դա է պատճառը, որ հայտնի մականունով մեկը նշանակվում է մարզպետ, ապա՝ նախարար, հետո՝ կարևոր վերահսկողական կառույցի ղեկավար։ Մականունով մյուսը՝ 4 ոլորտի գիգանտ նախարարությունում ձախողվելուց հետո, նշանակվում է աշխատակազմի ղեկավար, հիմա էլ կարող է առաջարկվել ՀՀ նախագահի պաշտոնին։
Դա է պատճառը, որ 27-ամյա տղան դառնում է փոխվարչապետ, 28-ամյա տղան՝ ԱԱԾ տնօրեն։ 27-ամյա տղան դառնում է վարչապետի օգնական, իսկ 3 տարուց արդեն այնպիսի հզոր կադր է համարվում, որ նրա ազատման հարցը բուռն քննարկվում է, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ավելի լուրջ պաշտոնի չի գնալու։
Մի բուռ կադրերի հույսին է մնացել իշխանությունը, իսկ թափուր մնացող շատ պաշտոններ այդպես էլ չեն համալրվում, ինչպես 3 ամիս է՝ վարչապետի խոսնակ չի գտնվում։ Կամ համալրվում են ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: