ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: Ինչպես հայտնի է, 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում:
Նկատենք՝ նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն՝ կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միեւնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում