Ջեֆ Ֆլեյքը դարձել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը պաշտոնապես դարձել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան՝ իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է Reuters-ը։
Ֆլեյքն Անկարա է ժամանել այս ամսվա սկզբին, որպեսզի փոխարինի Դեյվիդ Սաթերֆիլդին, ով այժմ ԱՄՆ հատուկ բանագնացն է Աֆրիկայի Եղջյուրում:
Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում սրվել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման, դատական գործերի եւ քաղաքացիական իրավունքների հետ կապված հարցերի, ինչպես նաեւ Սիրիայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Այն բանից հետո, երբ Թրամփն ու Էրդողանը ջերմ անձնական հարաբերություններ են հաստատել, նախագահ Ջո Բայդենը սկսել է ավելի սառը վերաբերմունք ցուցաբարել Թուրքիայի նկատմամբ: Սպիտակ տանը նրա առաջին քայլերից էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Այնուամենայնիվ, երկրները փորձում են մի կողմ դնել տարաձայնությունները եւ բանակցում են Լիբիայում, Եթովպիայում եւ Աֆղանստանում հակամարտությունների շուրջ, որտեղ Թուրքիան քննարկում է Քաբուլի միջազգային օդանավակայանը Կատարի հետ շահագործելու հնարավորությունը։