Օմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը շատ ավելի արագ է տարածվում նախորդ շտամների համեմատ, եւ դա կապված է վիրուսի նոր տեսակի կենսակայունության հետ։ Կիոտոյի Բժշկական համալսարանի (Ճապոնիա) գիտնականները պարզել են, որ օմիկրոնը կարող է շատ ավելի երկար ապրել պլաստիկե առարկաների եւ մարդու մաշկի վրա, քան վիրուսի նախորդ տարբերակները։
Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Biorxiv պորտալում, պլաստիկի վրա Ուհանի SARS-CoV-2-ի գոյության միջին ժամանակը 56 ժամ էր, դելտայինը՝ 114 ժամ, օմիկրոնինը՝ 193,5 ժամ։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ դիակների մաշկի նմուշների վրա վիրուսի Ուհանի տարբերակը պահպանվել է 8,6 ժամ, իսկ օմիկրոնինը՝ 21,1 ժամ։ Այսպիսի կենսունակությունը, ինչպես եւ պետք էր սպասել, նպաստում է վիրուսի ավելի արագ տարածմանը։
Նշենք, որ օմիկրոնի ինկուբացիոն շրջանը 2-5 օր է, այն դեպքում, երբ կորոնավիրուսի նախորդ տարբերակինը միջինը 6-8 օր էր։
Նոր շտամը փոխանցվում է 7 անգամ ավելի արագ, քան դելտան, իսկ օմիկրոնով վարակված մարդը առաջին իսկ օրերից կարող է վարակել շրջապատի մարդկանց։