Փսակի. նախագահ Բայդենը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա
Նախագահ Ջո Բայդենը «ոչ մի մտադրություն կամ ցանկություն չունի զորքեր ուղարկել Ուկրաինա»։ Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Փսակին ասել է, որ ԱՄՆ-ն «աշխատում է ՆԱՏՕ-ի գծով՝ մեծացնելու աջակցությունը արեւելյան թեւի երկրներում»,- ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ են այս դաշինքի անձեռնմխելիությանը», հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Թույլ տվեք հստակեցնել. նախագահը ոչ մի մտադրություն կամ ցանկություն չունի զորքեր ուղարկել Ուկրաինա։ ՆԱՏՕ-ն կոլեկտիվ մարմին է՝ աջակցելու մեր գործընկերներին եւ արեւելյան թեւի երկրներին»,- ասել է Փսակին։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը կանխատեսումներ չի արել Ռուսաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Բայդենի հնարավոր հրապարակային հայտարարությունների եւ այն մասին, թե ինչ ջանքեր կարող են պահանջվել ԱՄՆ զինված ուժերից։
«Ընդամենը մի քանի օր առաջ Ջո Բայդենը երկու ժամ տեւած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ մի շարք հարցերի։ Բայց հենց հիմա մեր եւ նրա ուշադրությունը կենտրոնացած է դիվանագիտության, ինչպես նաեւ առաջնորդների հետ փոխգործակցության, ազգային անվտանգության թիմի անդամների հետ զրույցների վրա»,- հավելել է Փսակին:
Մեկնաբանելով #StandwithUkraine («Ես աջակցում եմ Ուկրաինային») հեշթեգով թվիթների մասին լրագրողի հարցին, որը մի քանի օր առաջ հրապարակել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Փսակին ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը՝ ի տարբերություն նախորդ վարչակազմի, Twitter-ը չի համարում հաղորդակցության, բանակցությունների կամ կարեւոր թեմաների քննարկման միակ գործիք: