Ալիևն իրանցի նախարարին հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» հարցով «Հայաստանի կողմից դրական ազդանշանների» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով ընդունել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար, տնտեսական համագործակցության ադրբեջանաիրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությանը, փոխանցում է Ազերթաջը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է պատերազմից հետո ի հայտ եկած «նոր հիանալի հնարավորությունների» մասին։ «Պատերազմից հետո իրանաադրբեջանական հարաբերություններն էլ ավելի են ընդլայնվել։ Ստեղծվել է շատ խոստումնալից 3+3 համագործակցության հարթակ՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու համար։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Վստահ եմ, որ այդ հանդիպումները կանցկացվեն կանոնավոր կերպով եւ կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը։ Միաժամանակ, վստահ եմ, որ մոտ ապագայում իրանական ընկերությունները կսկսեն ակտիվորեն աշխատել ազատագրված տարածքներում։ Էկոնոմիկայի նախարարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ, նախնական բանակցություններ են վարվել իրանական կողմի հետ, այժմ սպասում ենք կոնկրետ արդյունքների։
Երեկ դուք ծանոթացաք նաեւ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հաջողությամբ կառուցվում են ճանապարհներ եւ երկաթուղիներ. Մենք դրական լուրեր ենք ստանում։ Հայաստանն իր հերթին նախատեսում է սկսել աշխատանքները։ Մի խոսքով, հույս ունեմ, որ հետպատերազմյան շրջանը նոր հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, շատ կարեւոր է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ներդրումն այս գործում։
Ինչ վերաբերում է այլ հարցերի, երեկ Շահին Մուստաֆաեւի հետ քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման, Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Աստարաչայի վրայով կամրջի կառուցման եւ այլ հարցեր։
Նշեմ նաեւ, որ նոյեմբերի վերջին իմ հանդիպումը Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ շատ հաջող էր եւ նոր հնարավորություններ է բացում իրանաադրբեջանական հարաբերությունների համար։ Սա նշանակում է նոր էջի բացում մեր բարեկամական եւ եղբայրական հարաբերություններում»,- ասել է Ալիեւը։