Իսրայելի բանակի նախկին գնդապետը դեմքի ճանաչման տեխնոլոգիայով եւ մարմնի վրա ամրացվող տեսախցիկներ է մշակում
Իսրայելի բանակի նախկին գնդապետ Դանի Տիրզան մշակում է մարմնի վրա ամրացվող տեսախցիկներ՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, հայտնում է AFP-ն։
Տիրզան ասում է, որ իր Yozmot Ltd ընկերությունը ցանկանում է արտադրել մարմնի վրա ամրացվող տեսախցիկ, որը թույլ կտա ոստիկաններին սքանավորել ամբոխին եւ իրական ժամանակում գտնել կասկածյալներին, նույնիսկ երբ նրանց դեմքերը փակ են:
Իրավապահ մարմիններում դեմքի ճանաչման տեխնոլոգիան արժանացել է համաշխարհային քննադատության, քանի որ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները հրաժարվել են ոստիկանությանը տեխնոլոգիան տրամադրելուց՝ հղում անելով գաղտնիության ռիսկերին:
Սակայն կողմնակիցները, այդ թվում՝ Տիրզան, գովազդում են հանցագործներին կամ անհետ կորածներին հայտնաբերելու այդ տեխնոլոգիայի կարողությունը: «Ոստիկանը կիմանա, թե ում է ինքը հանդիպել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքը հույս ունի Թել Ավիվում գտնվող Corsight AI-ի ստեղծած տեխնոլոգիան օգտագործել մարմնի վրա ամրացվող ոստիկանական տեսախցիկ մշակելու համար, որը կարող է ակնթարթորեն նույնականացնել մարդկանց ամբոխի մեջ, նույնիսկ եթե նրանք կրում են դիմակներ, դիմահարդարված են կամ կամուֆլյաժով, եւ կարող է դրանք համեմատել տասնամյա վաղեմության լուսանկարների հետ։
Տիրզան հայտնել է, որ Yozmot-ի եւ Corsight-ի միջեւ գործընկերության որեւէ համաձայնագիր չի ստորագրվել։
Corsight-ի գլխավոր տնօրեն Ռոբ Ուոթսը հայտնել է, որ տեխնոլոգիան թույլ է տալիս հաճախորդներին տվյալների բազաներ ստեղծել՝ լինեն նրանք շենքում գտնվող ընկերության աշխատակիցներ, տոմսով մարզադաշտ մտածներ, թե ոստիկանության կողմից հետախուզվող կասկածյալներ: Նա ասել է, որ ավստրալական եւ բրիտանական ոստիկանությունն արդեն փորձարկել է տեխնոլոգիան:
Ըստ Mordor Intelligence հետազոտական ընկերության տվյալների՝ դեմքի ճանաչման արդյունաբերությունը 2020 թվականին արժեցել է մոտ 3,7 միլիարդ դոլար, եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2026 թվականը կհասնի 11,6 միլիարդ դոլարի:
Facebook-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ IBM-ը հայտարարել են իրավապահ մարմիններին դեմքի ճանաչման ծրագրերի վաճառքի ժամանակավոր կամ մշտական արգելքի մասին: