Էլթոն Ջոնը կորոնավիրուսով է վարակվել
Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը ստիպված է եղել չեղարկել Դալլասում կայանալիք իր առաջիկա երկու համերգները՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո։ Այս մասին նա խոսել է Instagram-ի իր story-ներում, հաղորդում է Super.ru-ն։
Երաժիշտը նշել է, որ, բարեբախտաբար, պատվաստված է, հետևաբար հիվանդությունը թեթև է անցնում։
Համերգները պետք է կայանային Farewell Yellow Brick Road հրաժեշտի տուրի շրջանակներում:
Երգչի ներկայացուցիչները երկրպագուներին խնդրել են պահպանել տոմսերը և խոստացել են շուտով հայտնել համերգների նոր օրերը։ Ինքը՝ Էլթոնը, հույս ունի, որ մինչև հանգստյան օրերը առողջ կլինի և կկարողանա ելույթ ունենալ Արկանզասում։
Farewell Yellow Brick Road համերգային շրջագայությունը սկսվել է 2018 թվականի աշնանը և պետք է ավարտվեր մինչև 2021 թվականը: Այս ընթացքում երգիչը նախատեսել էր մոտ 300 համերգ տալ։
Սակայն երգչի ազդրի վնասվածքի, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով համերգները մի քանի անգամ հետաձգվել են։ Այս տուրը պետք է լինի Էլթոն Ջոնի կարիերայի վերջինը, քանի որ երգիչը ցանկանում է իրեն նվիրել երեխաների դաստիարակությանը: