Բայդենի աջակցության վարկանիշը շարունակում է նվազել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշն ընկել է՝ հասնելով 39%-ի։ Այս մասին վկայում են Harvard/Harris հետազոտական ծառայության անցկացրած՝ հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները։
The Hill թերթի փոխանցմամբ՝ հարցվածների միայն 18%-ն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը՝ որպես նախագահի, 21%-ը «որոշ չափով» աջակցում է նրան, մինչդեռ երկրի բնակչության 53%-ն ամբողջությամբ կամ մասամբ հավանություն չի տալիս նրա աշխատանքին:
Դեռ 2021 թ. նոյեմբերին Բայդենի աջակցության վարկանիշը կազմել է 45%, այսինքն՝ վերջին երկու ամսվա ընթացքում այն նվազել է 6 տոկոսային կետով։
Հարցման հեղինակների գնահատմամբ՝ նախագահի վարկանիշի անկման պատճառը նրա վարչակազմի արտաքին և ներքին խնդիրներն են՝ համավարակի դեմ ոչ արդյունավետ պայքարը, տնտեսական ցուցանիշների անկումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը, ներգաղթը։
Նախագահ Բայդենը հայտարարել է, որ չի հավատում հարցումների արդյունքներին։