Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի տեսազանգ կանցկացնի Եվրոպայի երկրների ղեկավարների հետ և կքննարկի Ուկրաինայի շուրջ շարունակվող ճգնաժամը, հետևում է պետության ղեկավարի աշխատանքային ժամանակացույցից, որը հրապարակել է Սպիտակ տունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ տվյալների համաձայն՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 24:00-ին) Սպիտակ տան ղեկավարը կունենա «եվրոպական երկրների առաջնորդների հետ պաշտպանված տեսազանգ խորհրդակցությունների շրջանակներում... ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական հզորության ավելացմանը»։
Տեսազանգին, ինչպես սպասվում է, կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները: