Օմիկրոնը ավելի բարձր վարակելիություն ունի, Հայաստանում դեպքերի թվի կտրուկ աճ է սպասվում. մասնագետ
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը, որը արդեն շրջանառվում է Հայաստանում, շատ ավելի բարձր վարակելիություն ունի, քան վիրուսի նախորդ շտամները: Երկրում հիվանդացության դեպքերի կտրուկ աճ է սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը:
Նրա խոսքով, եվրոպական երկրներում հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ երկրներում օմիկրոնը արդեն կազմում է հայտնաբերված շտամների մոտ 80 տոկոսը:
Վիրուսի այս շտամը ավելի հազվադեպ է հանգեցնում բարդությունների, քան նախորդ շտամները, սակայն եթե դրանով ավելի շատ մարդ վարակվի, դեպքերի թվի կտրուկ աճը կբերի նրան, որ կմեծանա նաեւ միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի թիվը, ինչը լուրջ բեռ կդառնա առողջապահական համակարգի համար:
Կորոնավիրուսի տարբեր շտամներին տարբեր ախտանիշներ են ավելի բնորոշ: Օմիկրոնին, մասնագետի խոսքով, առավել բնորոշ են հետեւյալ 5 ախտանիշները.
Գերարտահայտված թուլություն,
Ցավեր կոկորդում,
Հարբուխ,
Գլխացավեր,
Կոգնիտիվ ֆունկցիաների խանգարում:
Որոշ ախտանիշներ, մասնագետի խոսքով, պացիենտների մոտ պահպանվում են բավական երկար ժամանակ, նույնիսկ առողջանալուց ամիսներ անց: Նոր շտամին հատուկ են գերարտահայտված թուլությունը, հազը, ինչպես նաեւ կոգնիտիվ խանգարումները, որոնք կարող են տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Քովիդի առաջին ալիքի ժամանակ տիպիկ էր մազաթափությունը, բայց դելտա եւ օմիկրոն շտամներին այս ատանիշը արդեն բնորոշ չէ: