ԵՏՄ-ում ապրանքների հսկման մեխանիզմի գործարկման պիլոտային նախագիծը կմեկնարկի հուլիսի 1-ին
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային տարածք ներկրվող ապրանքների հսկման մեխանիզմի ներդրման պիլոտային նախագիծը կգործարկվի 2022թ. հուլիսի 1-ից մինչեւ 2023թ. մարտի 31-ը։ Այսպիսի որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի արդյունքներով, ճեպազրույցում երկուշաբթի տեղեկացրել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հսկման մեխանիզմները կթեստավորվեն 2022թ. հուլիսի 1-ից մինչեւ 2023թ. մարտի 1-ը միության տարածք ներկրվող կենցաղային սառնարանների եւ սառցարանների համար»,- ասել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։
Բացի այդ, ԵՏՀ խորհուրդը հաստատել է հսկման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների հսկման ազգային համակարգերի ներառման եւ պահպանման կարգը, պարզաբանել է Մալկինան։
ԵՏՄ մաքսային տարածք ներկրվող ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021թ. փետրվարին։ Այն նախատեսում է միությունում օտարերկրյա ապրանքների հսկման համակարգերի ստեղծում՝ դրանց շրջանառության օրինականության հաստատման նպատակով, ԵՏՄ անդամ մեկ պետության տարածքից մյուս երկրի տարածք տեղափոխման ժամանակ։ Համակարգը նաեւ նպատակ ունի ստեղծել մաքսային եւ հարկային վճարներից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ։ Համաձայնագիրը նախատեսում է ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրում ստեղծել ապրանքների հսկման ազգային համակարգեր։
«Որպեսզի համաձայնագիրը սկսի գործել, անհրաժեշտ է մշակել ԵՏՄ կոլեգիայի եւ խորհրդի մի շարք որոշումները։ Հանձնաժողովը անդամ պետությունների փորձագետների հետ արդեն մշակել եւ համաձայնեցրել է անհրաժեշտ գրեթե ամբողջ նորմատիվային բազան»,- ավելացրել է Մալկինան։