Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է մամուլի ասուլիսը երկրում օմիկրոնի տարածման պատճառով
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հրաժարվել է ամենամյա մամուլի ասուլիս հրավիրելուց, որպեսզի կենտրոնանա երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի վրա։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է Հարավային Կորեայի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչ Փակ Սու Հյոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այն իրավիճակում, երբ օմիկրոնը դարձել է ամենատարածված շտամը, դժվար կլինի ամանորյա մամուլի ասուլիս անցկացնել, քանի որ անհրաժեշտ է կենտրոնանալ վարակի դեմ պայքարի ուղղությամբ»,- ընդգծել է պաշտոնյան։ Նա նաեւ նշել է, որ չարժե խոսել այդ միջոցառման չեղարկման մասին, քանի որ աշխատակազմը պաշտոնապես չէր հայտարարել դրա անցկացման մասին։ Այնուամենայնիվ, մամուլի ասուլիսի (որը նախատեսվում էր իրականացնել փետրվարի սկզբին) նախապատրաստական աշխատանքն արդեն վարվում էր։
Երկուշաբթի ավելի վաղ կառավարությունը տեղեկացրել էր, որ անցած շաբաթ երկրում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 50,3 տոկոսը կապված է եղել օմիկրոն շտամի հետ։ Այս առնչությամբ առողջապահության մարմիններն անցնում են արձագանքման նոր համակարգի, որպեսզի ավելի արագ հաղթահարեն համավարակը։
COVID-19-ի թեստավորման կենտրոններում ներդրվում են հակագենների էքսպրես-թեստեր, իսկ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստերը կկիրառվեն միայն բարձր ռիսկի խմբերում։ Միաժամանակ, ինքնամեկուսացման շրջանը տասից կրճատվում է յոթ օրվա։
Անցած շաբաթ Հարավային Կորեայում վարակվածների միջին օրական թիվը ավելացել է գրեթե կրկնակի։ Շաբաթվա սկզբին այն կազմում էր մոտ չորս հազար, իսկ հունվարի 20-ին գերազանցեց 6 հազար մարդը։ Հունվարի 23-ին երկրում գրանցվել է վարակման 7 513 նոր դեպք։