8 մետր երկարությամբ երկու սֆինքս է հայտնաբերվել Լուքսորում
Արևմտյան Լյուքսորում Ամենհոթեփ III դամբարանային տաճարի փլատակներում հնագետները հայտնաբերել են երկու 8-մետրանոց կիսախորտակված սֆինքս: Գտածոն դարձել է հնագույն տաճարի վերականգնման ուղղությամբ բազմամյա աշխատանքների արդյունքներից մեկը, հաղորդում է Planet Today-ը:
Բացահայտումը կատարել են գերմանա-եգիպտական առաքելության մասնակիցները: Տաճարը նաեւ հայտնի է «Միլիոնավոր տարիների տաճար» անունով, որի մնացորդները գտնվում են Լուքսորի ավերակների շրջանում: Զույգ սֆինքսերի հայտնաբերումը դարձել է տաճարի վերականգնման աշխատանքներից մեկը:
Եգիպտոսի հնությունների ու զբոսաշրջության նախարարությունից փորձագետները հաղորդում են, որ հայտնաբերված սֆինքսերը նույնպես Ամենհոթեփ III-ի մարմնացումն են: Սովորաբար այդ ղեկավարին ներկայացնում էին զոլավոր գլխարկով, փարավոնի մորուքով եւ լայն վզնոցով: Հայտնաբերված արձանների մաքրման ժամանակ հնագետները նաեւ գտել են փարավոնի թագավորական անունով գրառումը, որը հաստատում է այդ տեսությունը:
Գիտնականներին նաեւ հաջողվել է հայտնաբերել գրեթե ամբողջովին պահպանված Սեհմեթ աստվածուհու արձաններն ու շարասյունով սրահի ավերակները, որում առ այսօր պահպանվել են պատկերներ, որոնք պատմում են փարավոնի ծննդյան օրվա կամ նրա՝ երկիրը կառավարելու իրավունքի վերականգնման պատվին տոնախմբության մասին: