Պետդեպարտամենտը ծրագրում է հունվարի 24-ին սկսել Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը․ Fox
ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է հունվարի 24-ից սկսել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը: Նման պնդմամբ շաբաթ Twitter-ում հանդես է եկել Fox News հեռուստաալիքի լրագրող Լուկաս Թոմլինսոնը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։
«Պետդեպարտամենտը կարգադրել է արդեն երկուշաբթի սկսել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը», – ասել է նա:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հայտնել էր, որ առաջիկա օրերին պլանավորվում է Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամների պարտադիր տարհանումը:
CNN հեռուստաընկերությունը պնդում էր, որ հավանաբար տարհանումը կսկսվի հաջորդ շաբաթ: ԱՄՆ Պետդեպարտամենտում առայժմ չեն պատասխանել այդ հաղորդագրությունները մեկնաբանելու ՏԱՍՍ-ի խնդրանքին: