Պեկինի իշխանությունները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել սառեցված մթերքների միջոցով
Չինաստանի մայրաքաղաքի վարչակազմը բնակիչներին խնդրում է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել տեղական և արտասահմանյան սառեցված սննդամթերք գնելիս՝ կորոնավիրուսային վարակի բարձր ռիսկի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պեկինի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինհոն։
«Անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը լինի շատ զգոն, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ինտերնետով կամ վաճառքի գործակալների միջոցով սառեցված մթերքների գնումից՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ չինական արտադրության այն ապրանքների, որոնք արտադրվել են այնպիսի շրջաններում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր», – ասել է Պան Սինհոն։
Պաշտոնյան ասել է, որ սառեցված մթերքը «պետք է գնել խանութներից, որոնք համապատասխանում են պաշտոնական չափանիշներին» և ընտրել ապրանքներ, որոնք ստուգվել են Պեկինի իրավասու մարմինների կողմից: Նա նաև խորհուրդ է տվել գնումից հետո ախտահանել փաթեթը կամ լիովին փոխել այն։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պեկինի իշխանությունները քաղաքի տարբեր հատվածներում արձանագրել են կորոնավիրուսային վարակի մի քանի դեպք, այդ թվում՝ օմիկրոն և դելտա շտամներով։ Տեղացի մասնագետների կարծիքով՝ վարակը, ամենայն հավանականությամբ, մտել է Պեկին՝ փոստային առաքումների և սառեցված մթերքների փաթեթների միջոցով։ Մինչ այդ Պեկինում բավական լավ համաճարակային իրավիճակ էր։