Եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացման մեջ հայտնվել, ապա նրան դեպի Ղրիմ թռիչքներ պետք չեն․ Իլյա Կուսա
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Երևանը կարող է միջանկյալ կետ դառնալ Սիրիայից Ղրիմ և հակառակ ուղղությամբ ավիաթռիչքների համար։ Սիրիայի իշխանությունները Ղրիմի հետ ավիահաղորդակցության երթուղի են մշակում Սոչիի, Անապայի և Երևանի օդանավակայաններով։
«Երթուղի է մշակվում Սոչիով, Անապայով և Երևանով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Սիրիայի հետ ավիահաղորդակցության մասին է։
Ղրիմի ղեկավարը նշել է, որ այժմ ուղիղ ավիահաղորդակցություն Դամասկոսի և Սիմֆերոպոլի միջև չկա։ Նա հավելել է, որ թերակղզու իշխանությունները պատրաստ են քննարկել փոխադրումների կազմակերպման վերաբերյալ առաջարկները։
ՏԿԵ խոսնակ Սոնա Հարությունյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նման երթուղի իրականացնելու համար հայտ չեն ստացել և նման քննարկում առհասարակ չկա։
Փորձագետ, միջազգայնագետ Իլյա Կուսան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ակսյոնովի հայտարարությունը կարծիք հայտնեց, որ օկուպացված Ղրիմի այսպես կոչված իշխանությունների հայտարարությունները երևակայության արդյուն են․ «Հայաստանին նման թռիչքներ պետք չեն, եթե Երևանը չի ցանկանում մեկուսացման մեջ հայտնվել։ Սա հակասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը և որևէ դիվիդենտ չի բերում»։
Հետևաբար, ըստ մեր զրուցակցի, Սիրիայից Ղրիմ թռիչքները հավանաբար կանցնեն ռուսական օդանավակայաններով, և դժվար թե իրականացվեն Հայաստանի տարածքով․ «Իսկ հայկական լրատվամիջոցները պետք է կրկնակի ստուգեն տեղեկատվությունը։ Միևնույն է, խոսքը ոչ թե ինչ-որ որոշման մասին է, այլ մի պաշտոնյայի մեջբերում, ով որոշել է ենթադրություններ անել»,-եզրափակեց Իլյա Կուսան։