Հունվարյան անկարգություններից հետո Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ
Ղազախստանում հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո հարուցվել է 1822 քրեական գործ։ Այս մասին հաղորդում է Աքորդայի մամուլի ծառայությունը, փոխանցում է Sputnik Ղազախստանը։
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հանդիպում է ունեցել որոշ պետական գերատեսչությունների ղեկավարների հետ՝ նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության եւ ներքին գործերի նախարարության ղեկավարության հետ: Տոկաեւին զեկուցել են երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների կատարման մասին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, խուլիգանության, կառավարական շենքերի վրա հարձակումների եւ այլ հանցագործությունների փաստերով ընդհանուր առմամբ հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ դատախազություն։
Գլխավոր դատախազ Գիզաթ Նուրդաուլեթովը պատմել է, թե ինչպես են դատախազներն ապահովում ձերբակալվածների իրավունքները։ Նուրդաուլեթովի խոսքով՝ բոլորին տրամադրվում է պաշտպանության եւ իրավական օգնության իրավունք, բողոքները մանրակրկիտ ստուգվում են։