Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. Արման Թաթոյան
Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում դեղամիջոցների պահպանումն ու կիրառումը խիստ մտահոգիչ է։ Այս մասին այսօր` հունվարի 22-ին, Հայաստանի հոգեկան առողջության կենտրոնների վիճակի վերաբերյալ իր ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սևանի և Վարդենիսի կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք, որի պիտանելիության ժամկետն անցած է եղել 4 ամիս առաջ, նույնը վերաբերվել է նաեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր։ Արձանագրվել են նաև փաստեր, երբ բավականին երկար ժամանակով ժամկետանց են եղել բժշկական պարագաներ և գործիքներ՝ անգամ երկու տարվա ժամկետով»,–ասաց Թաթոյանը։
Արման Թաթոյանի խոսքով` կենտրոնների մեծ մասում խառը դեղորայքներ են կիրառվում՝ առանց դրանց համատեղելիության պարզման։ Բացի այդ, պատշաճ ձևով չեն կատարվում հոգեբույժների հետ թերապիայի սեանսները։
Թաթոյանը նշեց` ողջունելի է, որ 2021-ի հոկտեմբերի 1-ից Ավանի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է անչափահասների համար բաժանմունք, որում կարող է ստացիոնար բուժվել 12 անչափահաս։
«Բայց, շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ մարզերում ապրող և խնդիրներ ունեցող անչափահասների համար կենտրոններ չկան, և երեխաներին անհրաժեշտ է լինում տեղափոխել Երևան, բայց այստեղ էլ լուրջ դժվարությունների են հանդիպում»,- ասաց նա: