Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար արժողությամբ
Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, հունվարի 22-ի վաղ առավոտյան հասել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան՝ հայտնել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռազմական աջակցության տրամադրումը Կիևին արտոնել էր դեռ 2021 թ. դեկտեմբերին:
«Մոտ 90 տոննա ընդհանուր քաշով նվիրատվությունը, որը ներառում է այդ թվում՝ Ուկրաինայի առաջնագծի պաշտպանության համար նախատեսված զինամթերք, վկայում է Ուկրաինայի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքի հանդեպ Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ը նախորդ տարի Ուկրաինային հատկացրել է ավելի քան 650 մլն դոլար, իսկ 2014 թ.-ից ի վեր՝ Ուկրաինային տրամադրված օգնության ծավալը կազմել է ավելի քան 2,7 մլրդ դոլար:
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին՝ «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար»: