Տարվա բառը Հայաստանում՝ Առաջնագիծ
Արդեն քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում որոշվում է «Տարվա բառը»։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրում այդ տարվա հասարակական կյանքում կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։ Այս մասին հայտնում են Լեզվի կոմիտեից:
Լեզվի կոմիտեն անցյալ տարեվերջին առաջին անգամ նախաձեռնեց հայերեն «Տարվա բառի» ընտրությունը։
Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվեց 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշեցին «Տարվա բառը»։
Ամփոփենք։
Քվեարկությամբ հաղթեց ԱՌԱՋՆԱԳԻԾ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը)։ Պատճառը պարզ է. վերջին երկու տարում ԱՌԱՋՆԱԳԻԾ բառի կիրառությունը զգալիորեն ավելացել է, քանի որ երկրի և ամբողջ ազգի ուշադրությունը սևեռված է առաջնագծին։
Երկրորդ տեղում ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառն է (14%)։
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ն այժմ հաճախադեպ է, քանի որ հանրությունը ապատեղեկատվական հոսքերի անմիջական ազդեցության տակ է։
Երրորդ տեղում ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ բառն է (10%)։
Քանի որ պատվաստվելը և պատվաստանյութի ընտրությունն առնչվում են յուրաքանչյուր քաղաքացու, այս արդյունքը բնական է։
Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են հետևյալ բառերը՝ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ (8%), ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ (8%), ՍՐՏԻԿԵԼ (8%), ԼՐՃԱՐԱԿ (7%) և ՀԱՄԱՎԱՐԱԿ (7%)։