Հաքերները հափշտակել են 3 միլիոն դոլար կրիպտոարժույթով, սակայն վերադարձրել են 830 000 դոլարը
Multichain-ը կողոպտվել է առնվազն երեք հաքերների կողմից, ինչի հետեւանքով նրանք հափշտակել են 3 000 000 դոլար արժողությամբ կրիպտոարժույթ, գրում է gagadget.net-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 17-ին: Խնդիրները բացահայտելու գործում օգնություն է ցուցաբերել Dedaub կիբերանվտանգության ընկերությունը: Պարզվել է, որ հաքերները հաշիվներից դուրս են բերել WETH, PERI, OMT, WBNB, AVAX եւ MATIC կրիպտոարժույթները:
Ընդհանուր վնասը գնահատվում է 3 000 000 դոլար: Հաքերներից մեկը ստացել է 309 Ethereum մետաղադրամ, ինչը հավասարազոր է շուրջ 1 000 000 դոլարի: Ընդ որում՝ նա վերադարձրել է տուժած ներդրողին 259 մետաղադրամ (830 000 դոլար): Մնացած 50 մետաղադրամները նա պահել է իր մոտ՝ որպես պարգեւավճար հայտնաբերված խոցելիության համար:
Ակտիվների կողոպուտի մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո օգտատերերը քննադատել են Multichain-ն անվտանգության անբավարար մակարդակի պատճառով: Մեծաթիվ բացասական արձագանքների պատճառով նախագծի ծրագրավորողները փակել են թվիթերյան էջում մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: