Փող կտաս՝ բաց կթողնենք, չես տա՝ այստեղ կփտես․ Ադրբեջանում դատում են ուսադիրներով հանցագործներին
Ադրբեջանում շարունակվում է լուծարված ազգային անվտանգության նախարարության ուսադիրներով հանցագործների գործով դատավորությունը։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի եւս մեկ հանցախմբի գործով դատավարության ժամանակ պարզվել է, որ բազմաթիվ հանցանքների թվին պետք է ավելացնել եւս մեկ ապօրինի ձերբակալություն, որն իրականացվել է 10 տարի առաջ։ 10 տարի առաջ երկու գործարարներ են ձերբակալվել, ովքեր Չինաստանից պիրոտեխնիկա եւ կպչուն դեկորատիվ ժապավեն են բերել վաճառքի համար։ Շիխալիեւի ենթակաները նրա հանձնարարությամբ առգրավել են ապրանքը՝ հայտարարելով, որ դա մաքսանենգություն է, սակայն դա գործարարների մեղքի իրեղեն ապացույց չի դարձել. «չեկիստները» շուկայում վաճառել են ամբողջ խմբաքանակը 650 հազար մանաթով, իսկ հասույթը փոխանցել իրենց գեներալին։ Այս մասին դատական նիստում ասել է տուժած ձեռներեցներից մեկը՝ Սարդար Իսմայիլովը։
Նշվում է, որ լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել դատավարությանը՝ թեեւ այս հարցով համապատասխան որոշում չկա։ Արդյունքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված են դրսից հետեւել աղմկահարույց գործին՝ փաստաբաններից ու տուժողներից պարզելով դատարանի դահլիճում կատարվողի մանրամասները։
Բացի Շիխալիեւից՝ դատվում են նրա՝ ժամանակին ղեկավարած գերատեսչության ղեկավարները՝ Վուսալ Ալիեւը, Յասին Մամեդովը եւ Սահիբ Ալեքպերովը։
Ինչպես դատավարության ժամանակ պնդել է Ս.Իսմայիլովը, նա եւ իր գործընկեր Օրհան Աբդուլլաեւը ի սկզբանե ծրագրել են Չինաստանից ներկրված ապրանքները վաճառել Վրաստանում 2013 թվականի մարտին։ Սակայն որոշ խնդիրների պատճառով դա չի ստացվել, եւ քանի որ պիրոտեխնիկայի ներմուծումն Ադրբեջան արգելված է, նրանք որոշել են իրենց ապրանքները վաճառել Իրանում։ Ավելին, Վրաստանում մաքսայինը տվել է Ադրբեջանի տարածքով Իրան ապրանքների տարանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Աստարա տանող ճանապարհին բեռը կալանավորվել է ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից՝ այն հայտարարագրելով որպես մաքսանենգ ապրանք։ «Մեր մեքենան ուղեկցել են Ղազախի ավտոկայանատեղի։ Այնտեղ ապրանքները բեռնաթափվել են, նույնիսկ մաքսավորների հսկողությամբ գույքագրվել։ Սակայն անօրինական ոչինչ չի հայտնաբերվել։ Բայց սա ձեռտու չի եղել նախարարության աշխատակիցներին, նրանք ստիպողաբար, գրեթե ձեռնամարտի մեջ մտնելով մաքսավորների հետ, մեր պիրոտեխնիկներն ուղարկեցին Բաքու։ Մեզ անմիջապես տեղափոխեցին նախարարության մեկուսարան եւ երեք օր շարունակ փորձում էին ստիպել, որ ապրանքը մաքսանենգ ապրանք ճանաչենք։ Նրանք չհասան մեր «խոստովանությանը», բայց գործը տարան դատարան, որտեղ մեզ նույնքան հապճեպ դատապարտեցին երեք ամսվա ազատազրկման…»,- ասել է Ս. Իսմայիլովը։
Համազգեստով խարդախների ձեռքից տուժող գործարարը վստահեցնում է, որ այժմ, դատավճռին սպասելիս նախարարությունն իրեն արդարացնում է։ Նա նշել է, որ Յասին Մամեդովն իրեն իսկական ավազակի պես է պահել. «Նրանք այնքան լկտի էին, որ ծիծաղում էին մեզ վրա, երբ փորձում էինք լեգիտիմության մասին խոսել։ Նրանց մտքին մի բան կար. «Փող տաս՝ բաց կթողնենք, չտաս՝ այստեղ կփտես…»:
Այսպես կոչված «հետախուզության» ժամանակ չեկիստները՝ փորփրելով ձերբակալվածների հեռախոսները, անընդմեջ զանգահարել են նրանց բոլոր ծանոթներին՝ սպառնալով նրանց ներգրավել «գործին» ու գումար շորթել։