Լեհաստանի վարչապետը կոչ է արել ԵՄ-ին «կոշտ, միասնական» դիրքորոշում ձեւավորել ՌԴ-ի նկատմամբ Ուկրաինայի կապակցությամբ
Ուրբաթ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կոչ է արել եվրոպական առաջնորդներին ձեւավորել կոշտ, միասնական դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ «մտավախությունների ֆոնին, որ Մոսկվան կարող է ներխուժել Ուկրաինա», հաղորդում է Reuters-ը:
Ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավարտել է երկօրյա բանակցություններն իր լեհ պաշտոնակից Անջեյ Դուդի հետ, եւ Լեհաստանը հայտարարել է, որ Կիեւը կարող է ստանալ Լեհաստանի աջակցությունը Ռուսաստանի հարձակման դեպքում:
Սակայն Վարշավան չի հայտնել հստակ տվյալներ, թե ինչ ձեւաչափով այդ աջակցությունը կարող է ցուցաբերվել:
«Լեհաստանն ամբողջովին սատարում է Ուկրաինային վերջինիս արեւմտամետ ձգտումներում»,-հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Ռուսական սպառնալիքի առջեւ եվրոպական միասնականությունն ու սոլիդարությունն առանցքային են Ուկրաինայի համար: Ռուսաստանը պետք է իմանա, որ գործ ունի միասնական ճակատի հետ»,-հավելել է նա:
Արեւմտյան երկրները մտահոգվում են, որ Մոսկվան հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա: Ռուսաստանը հերքում է, որ պատրաստվում է հարձակվել: